Պենտագոնի ղեկավարը կարևորել է որպես ՆԱՏՕ-ի ապագա դաշնակիցներ Շվեդիայի և Ֆինլանդիայի դերը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ դեռ չի կարող հստակ ասել, թե երբ Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, բայց կարևորել է նրանց դերը որպես ապագա դաշնակիցներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այս երկու երկրները կարող են մեծ օգուտ բերել դաշինքին, երբ միանան», - ասել է Օսթինը:
Նա հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բազմիցս համատեղ զորավարժություններ է անցկացրել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ, որոնք իրենց հերթին ակտիվորեն արդիականացնում են իրենց զինված ուժերը:
«Ես չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց կարող եմ ասել, որ գիտեմ՝ իմ բոլոր գործընկերները ցանկանում են, որ այս երկրները հնարավորինս շուտ միանան մեզ», - ավելացրել է նա:
Օսթինն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, հույս ունի, որ Շվեդիան և Ֆինլանդիան ամռանը գագաթնաժողովին կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ: