Լատինական Ամերիկան հավանություն չի տալիս Ուկրաինա զենք ուղարկելու գաղափարին. Financial Times
Լատինական Ամերիկայի երկրները հավանություն չեն տալիս Ուկրաինա զենք ուղարկելու վերաբերյալ Արևմուտքի կոչերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Financial Times թերթին հայտնել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Լրատվամիջոցը նշում է, որ առաջարկը բավական գայթակղիչ է եղել՝ եթե լատինաամերիկյան երկրներն Ուկրաինային նվիրաբերեին իրենց «հնացող ռուսական սպառազինությունը, ապա Վաշինգտոնը դրանք կփոխարիներ ավելի լավ ամերիկյան զենքովե: Սակայն լատինաամերիկյան երկրների ղեկավարները մերժել են այս առաջարկը, որի մասին անցյալ ամիս հայտնել էր ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Լորա Ռիչարդսոնը: ,Եթե նույնիսկ դրանք Կոլումբիայում վերածվեն ջարդոնի, մենք չենք հանձնի ռուսական զենքը, որպեսզի դրանք տարվեն Ուկրաինա՝ պատերազմը երկարացնելու համար, - ասել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն: - Մենք ոչ մի կողմի հետ չենք:
Մենք խաղաղության կողմնակից ենք»։ «Բրազիլիան շահագրգռված չէ զինամթերք փոխանցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում օգտագործելու համար, - ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: - Բրազիլիան խաղաղության երկիր է: Այս պահին պետք է գտնել նրանց, ովքեր ցանկանում են խաղաղություն՝ բառ, որը մինչ այժմ շատ քիչ է օգտագործվելե։
Նույնպիսի դիրքորոշում է հայտնել նաև հարևան Արգենտինան: «Արգենտինան չի պատրաստվում համագործակցել պատերազմի հետ: Տեղին չէ համագործակցել՝ ուղարկելով զենք Եվրոպայում հակամարտության համար», - ասել է Արգենտինայի պաշտպանության նախարարության խոսնակը: «Չեմ կարծում, թե զենք ուղարկելը և հակամարտությունը ձգձգելը պաշտպանություն է գտնում Լատինական Ամերիկայում», - նշել է Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը։ «Դա այնքան էլ խելամիտ քայլ չի թվում, քանի որ հետևանքները շատ զգալի կլինեն Եվրամիության, Ռուսաստանի և որոշ առումով մնացած բոլորի համար», - հավելել է նա՝ շեշտելով, որ Լատինական Ամերիկայում միտումն այն է, որ «փորձ արվի գտնել կամ պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել հակամարտության քաղաքական լուծումը»:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը քննադատել է հակամարտության գոտի տանկեր ուղարկելու՝ Գերմանիայի կառավարության որոշումը։ Financial Times-ը նշում է, որ արևմտյան երկրների կողմից Ուկրաինա զենքի մատակարարումների քննադատությանը դրական են արձագանքել տարբեր երկրներում գտնվող ՌԴ դեսապանատները: Սակայն, ըստ պարբերականի, դիվանագետներն ու արտաքին քաղաքականության հարցերով փորձագետներն ընդգծում են, որ Լատինական Ամերիկան այլ երկրների հարցերին չմիջամտելու երկարամյա ավանդույթներ ունի: