Չինաստանն անշեղորեն կզարգացնի բարեկամական համագործակցությունն Իրանի հետ. Պեկինում տեղի է ունեցել Ռայիսի-Ծինփին հանդիպումը
Պեկին կատարած իր առաջին պետական այցի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Երկու ղեկավարները համաձայնության են եկել Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական համագործակցությունը խորացնելու շուրջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Global Times պարբերականին:
«Անկախ նրանից, թե ինչպես կփոխվի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, Չինաստանը անշեղորեն կզարգացնի բարեկամական համագործակցությունն Իրանի հետ, առաջ կտանի Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության նոր զարգացումը», - նշել է Ծինփինը՝ շեշտելով, որ Չինաստանը միշտ Իրանի հետ հարաբերությունները դիտարկել և զարգացրել է ռազմավարական տեսանկյունից:
Բացի այդ, Չինաստանի ղեկավարը նշել է, որ Պեկինը սատարում է Իրանին իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային արժանապատվությունը պահպանելու հարցում և աջակցում է Թեհրանի պայքարը միակողմանիության, հեգեմոնիայի և արտաքին ուժերի դեմ, որոնք միջամտում են Իրանի ներքին գործերին և խաթարում այդ երկրի կայունությունը:
Ռայիսին իր հերթին շեշտել է, որ Իրանի և Չինաստանի բարեկամությունը ժամանակի հետ էլ ավելի է ամրապնդվում, և երկու երկրների համապարփակ ռազմավարական համագործակցության վրա չեն ազդի միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխությունները:
Հանդիպումից հետո երկու ղեկավարները ներկա են գտնվել երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրմանը գյուղատնտեսության, առևտրի, զբոսաշրջության, բնապահպանության, առողջապահության, աղետի հետևանքների վերացման, մշակույթի և սպորտի բնագավառներում:
Ըստ Xinhua պարբերականի՝ եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է նաև կողմերի համատեղ հայտարարություն:
Իրանի նախագահին այցի ընթացքում ուղեկցում են նաև Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչը և մի շարք նախարարներ:
Չինաստանը և Իրանը համապարփակ ռազմավարական գործընկերություն էին հաստատել 2016 թ.-ին Սի Ծինփինի՝ Իրան այցի ընթացքում: