Անդրանիկ Քոչարյանի դեմ հայցը ճակատագրական է դառնում դատավորների համար․«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դեմ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի ներկայացրած հայցադիմումը դատավորների համար ճակատագրական է դառնում։
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը դատի էր տվել Անդրանիկ Քոչարյանին, քանի որ մայիսի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Քոչարյանը հայտարարել էր, թե Վահե Հակոբյանը վերջերս 15 մլրդ դրամ է վճարել պետբյուջե, որը ժամանակին չէր վճարել` զարտուղի ճանապարհներով խուսափելով հարկերից։ «Բայց խելոք տարավ, մուծեց»,- ասել էր Քոչարյանը։ Նա նաեւ հայտարարել էր. «Ընդդիմությունը հոգեկան, հոգեբանական այնպիսի վիճակում է, որ վաղը, մյուս օրը էն չմուծածն էլ պետք է բերեն, տան»։
Վահե Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկությունը հերքելու պահանջով դիմել էր դատարան, գործը մակագրվել էր դատավոր Աննա Փիլոսյանին։ Դատաքննության ընթացքում Անդրանիկ Քոչարյանի ներկայացուցիչը Փիլոսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ Վահե Հակոբյանն ընդդիմադիր պատգամավոր է, իսկ Աննա Փիլոսյանն էլ ընդդիմադիր հայացքներ ունեցող իրավաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է, հետեւաբար, ըստ Քոչարյանի ներկայացուցչի, գործն անաչառ քննել չի կարող, ուրեմն պիտի ինքնաբացարկ ներկայացնի։ Աննա Փիլոսյանը, բնականաբար, մերժել է այս միջնորդությունը։ Ինչ-որ մեկի կինն ու ամուսինը լինելը դեռեւս անաչառությունը ժխտող հանգամանք չէ եւ ինքնաբացարկի հիմք չի կարող լինել։ Դա եղել է այս գործով Փիլոսյանի վերջին նիստը, դրանից հետո նրա լիազորությունները դադարեցվել են՝ 4 այլ գործերով կողմերին դատական ակտերն ուշ ուղարկելու համար։
Ի դեպ, սա մի խնդիր է, որը գրեթե բոլոր դատավորների մոտ է առկա, որովհետեւ աշխատում են գերծանրաբեռնված։ Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուց հետո գործը մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին, վերջինիս դեմ եւս կարգապահական վարույթ է հարուցել արդարադատության նախարարությունը, եւ փետրվարի 21-ին ԲԴԽ-ն կքննի նախարարության ներկայացրած դիմումը։ Զարուհի Նախշքարյանի դեմ վարույթի պատճառն էլ այն է, որ նա քննադատել էր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշումը, այսինքն՝ ընդամենը կարծիք է հայտնել։ Հավանականությունը մեծ է, որ Նախշքարյանի լիազորությունները եւս կդադարեցվեն, եւ փաստացի կստացվի, որ Անդրանիկ Քոչարյանի դեմ հայցը դատավորների համար ճակատագրական է դառնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: