Քոհենն ու Չավուշօղլուն քննարկել են Իսրայելի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հարցը
Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Անկարայում հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել են երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետագա ամրապնդումը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Քոհենի գրառումը Twitter-ում:
«Թուրքիան շահագրգռված է Իսրայելի հետ կապերի ամրապնդմամբ, և մենք խոսել ենք քաղաքական ու տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Իրանին միջուկային զենք ստանալու գործում խոչընդոտելու կարևորության մասին: Երկրների միջև հարաբերությունների ջերմացումը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում: Դա կամրապնդի Իսրայելի դիրքերը և կնպաստի տարածաշրջանի կայունությանը», - գրել է Քոհենը։
Չավուշօղլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քոհենին՝ նշելով, որ Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որ երկրաշարժից հետո աջակցություն ցուցաբերեց Թուրքիային: Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններն աստիճանաբար բարելավվում են:
Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել Էին 2010 թվականին՝ այն բանից հետո, երբ Իսրայելի հատուկ նշանակության ուժերը կալանել էին Թուրքիայից դեպի Գազայի հատված մեկնող նավը: Ավելի վաղ երկրները կրկին դեսպաններ են նշանակել և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։