Մանկապարտեզից գողացել են ջեռուցման 2 կաթսա և մարտկոցներ
Փետրվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ անհայտ անձինք, տեխնիկական միջոցների կիրառմամբ, մտել են Արմավիրի մարզի Արևշատ գյուղի մանկապարտեզ և այնտեղից հափշտակել ջեռուցման 2 կաթսա և մարտկոցներ:
Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, արագ բացահայտեցին հանցագործությունը: Ըստ ստացված տվյալների՝ գողությունն արել էին 29 և 39 տարեկան երկու տղամարդ՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչ:
Հաղորդումից մեկ օր անց Էջմիածնի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում ոստիկանները հայտնաբերեցին, ձերբակալեցին և Վաղարշապատի բաժին տեղափոխեցին 29-ամյա երիտասարդին։ Նա ներկայացվել է տարածքային քննչական մարմին։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: