Սեյրան Օհանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման մասով ցուցմունք տալու: Ներկայացվել են Գլխավոր դատախազի կողմից ներկայացված երեք դրվագներով միջնորդությունները եւ, մեր տեղեկություններով, Սեյրան Օհանյանին հայտնել են, որ նա մեղադրվում է վերոնշյալ արարքների կատարման համար, ուստի պետք է ցուցմունք տա: Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ԱԱԾ քննիչին գրավոր ընդամենը մի քանի բան է հայտնել. առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ մեկի հետ որեւէ շահադիտական գործողություններ չի իրականացրել:
Նկատենք, որ այսքանից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նշենք, որ վաղեմության ժամկետով կարճման ենթարկված գործերով պետությունը ռեսուրսներ է ծախսում (քննություն է անում), որի մասին խոսեց նաեւ դատախազը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց, որ ուրբաթ օրը՝ փետրվարի 10-ին, հրավիրվել է ԱԱԾ, որտեղ հայտնել է, որ մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ մեկի հետ որեւէ շահադիտական գործողություններ չի իրականացրել:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի եւ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: