Թուրքիայում ձերբակալել են փլուզված շենքի կապալառուին, ով աղետից տուժած էր ձևացել
Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժերից հետո փլուզված բնակելի շենքերից մեկի շինարարության կապալառուն ձերբակալվել է Թուրքիայի Անթալիա նահանգում, իսկ հետո դատարանը նրան կալանքի տակ է վերցրել։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 13-ին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Lider Bursa պորտալը։
Ինչպես նշվում է նյութում, կապալառուն կալանավորվել է հյուրանոցում, որտեղ նա ձևացել է, թե վիրավորվել է աղետից։
«Քահրամանմարաշի երկրաշարժի հետևանքով ավերված Թաուերի բազմաբնակարան շենքի շինարարության կապալառու՝ Cihan İnşaat-ի սեփականատեր Օմեր Ջիհանը փետրվարի 12-ին ձերբակալվել է հյուրանոցում, որտեղ իջեւանել են երկրաշարժից տուժածները», – հաղորդում են ԶԼՄ-ները:
Հավելվում է, որ Ջիհանը ընտանիքի հետ պատրաստվում էր մոտ ապագայում փախչել արտերկիր։
Փետրվարի 12-ին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ երկրաշարժերից հետո երկրում առնվազն 57 մարդ է ձերբակալվել՝ թալանելու մեղադրանքով։ Մեկ օր առաջ հաղորդվել էր, որ երկրաշարժից հետո գողության և կողոպուտի մեջ կասկածվող 48 մարդ ձերբակալվել է Թուրքիայի ութ նահանգներում։
7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել փետրվարի 6-ին Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։ Միաժամանակ, վերջին տվյալներով, Թուրքիայում տարերքի հետևանքով զոհվել է 31643 մարդ։
Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Աշխարհի ավելի քան 60 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, հայտարարել են Անկարային աջակցություն և օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։