110 հազար դոլար ավանդ, 88 հազար դոլար կանխիկ ու բանկային հաշվին․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Հակակոռուպցիոն դատարանի նախագահի 34-ամյա թեկնածուն
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը՝ որոշել է Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը։
Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, թե 2021–ին ինչ ունեցվածք է հայտարարագրել Խաչիկ Ղազարյանը, երբ դադարեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պարտականությունները։
Նա ունի մեկ առանձնատուն Արաբկիրում, որը 2012–ին ստացել է որպես նվիրատվություն, Արաբկիրում բնակարանի 0.25 տոկոս բաժնային սեփականատեր է, որը որպես ժառանգություն ստացել է 1998–ին, 110 000 դոլար բանկային ավանդ ունի, բանկային հաշվին ունի 48 000 դոլար և 142 հզր դրամ, կանխիկ ունի 40 000 դոլար։
Աշխատանքի վարձատրությունը 7 մլն 428 հզր դրամ է, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմում է 26 մլն 384 հզր դրամ։
2021–ին հանգստի համար ծախսել է 2 մլն 400 դրամ, ուսման ծախսերը կազմում են 800 հզր դրամ։
Կինը՝ Արմինե Պետրոսյանը հայտարարագիր չի ներկայացրել, նա «Սվիթ հոմ» ՍՊԸ–ի տնօրենն է: