Ճապոնիայի կղզիների թիվը վերահաշվարկի արդյունքում կրկնապատկվել է՝ հասնելով 14 125-ի
Ճապոնիայի կառավարությունը տեղական ջրատարածքի՝ 35 տարվա ընթացքում կատարված առաջին ուսումնասիրության արդյունքում կրկնապատկել է երկրին պատկանող կղզիների թիվը՝ 6 852-ից հասցնելով մինչև 14 125-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Հետազոտությունը կատարվել է Ճապոնիայի քարտեզի էլեկտրոնային տարբերակի ավտոմատացված ուսումնասիրության հիման վրա, որն իշխանությունների կողմից հաստատվել է 2022 թվականին։
Ստացված տվյալները համեմատվել են անցյալում կատարված օդալուսանկարների հետ՝ բացառելու ձեռակերտ օբյեկտները: Վերջնական ցուցակում ընդգրկված են կղզիներ, որոնց շրջագիծը գերազանցել է 100 մետրը։
Ըստ Kyodo գործակալության տվյալների՝ կղզիների թվի կրկնապատկումը չի հանգեցնի Ճապոնիայի իշխանությունների կողմից երկրի տարածքային ջրերի սահմանների ընդլայնման հավակնությունների։ Սպասվում է, որ թարմացված վիճակագրական տվյալները կհրապարակվեն մարտ ամսին: