Մեծ Բրիտանիան կարող է մեղմացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ մարդասիրական օգնության տրամադրումը հեշտացնելու նպատակով
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասի մեղմացման հարցը՝ երկրաշարժից տուժած երկրի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացը հեշտացնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմանբ՝ այս մասին այսօր Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի փոխնախարար Ռիչարդ Հոլդենը։
«Կարծում եմ՝ մենք դիտարկում ենք ցանկացած հնարավորություն: Երբ հարցը վերաբերում է մարդասիրական հանգամանքներին, մենք միշտ ցանկանում ենք անել այն, ինչը կօգնի տեղում… Կառավարությունը կուսումնասիրի այս բոլոր հարցերը, բայց վստահ եմ, որ որոշումներ կայացնելիս մենք գործողությունները սերտորեն կհամաձայնեցնենք ՆԱՏՕ-ի մեր այնպիսի առանցքային գործընկերների հետ, ինչպիսին ԱՄՆ-ն Է», - ասել է նա՝ հավելելով, որ Լոնդոնը դեռ որոշում չի կայացրել այս հարցի շուրջ։
Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել Էր լիցենզիա, որը 180 օրով թույլ է տալիս իրականացնել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները, որոնք հակառակ դեպքում կարգելվեին՝ համաձայն Սիրիայի դեմ պատժամիջոցների կանոնակարգի: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա և այնտեղից գումարների փոխանցմանը: