Երեք օրում երեք խոցված թռչող օբյեկտ. Պենտագոնը շարունակում է ուշադիր հետևել Հյուսիսային Ամերիկայի օդային տարածքին
Հյուսիսային Ամերիկայի օդային տարածքում վերջին օրերին հայտնված օբյեկտները խոցվել են՝ ելնելով զգուշավորությունից. դրանք «կինետիկ ռազմական սպառնալիք» չեն ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Մելիսսա Դոլթոնի խոսքերը:
Պաշտոնյան հայտնել է, որ փետրվարի 4-ին Չինաստանին պատկանող օդապարիկը խոցելուց հետո ԱՄՆ իշխանություններն ավելի մանրակրկիտ կերպով են հսկում երկրի օդային տարածքը, ինչն էլ մասամբ բացատրում է անցյալ շաբաթվա ընթացքում հայտնաբերված թռչող օբյեկտների թվի աճը:
Պենտագոնը հաստատել է, որ փետրվարի 12-ին Հուրոն լճի երկնքում F-16 կործանիչը խոցել է ևս մեկ թռչող օբյեկտ: Դա եղել է նույն օբյեկտը, որը երևացել է Մոնտանայի երկնքում և շաբաթ երեկոյան Մոնտանայի օդային տարածքի փակման պատճառ է դարձել: Օբյեկտը նման է եղել ութանկյունի: Ամենայն հավանականությամբ՝ այն որևէ բեռ չէր կրում:
Դոլթոնը հայտնել է, որ մեծ բարձրության վրա գտնվող օբյեկտները կարող են օգտագործվել մի շարք ընկերությունների, երկրների և հետազոտական կազմակերպությունների կողմից «ոչ չարամիտ նպատակներով, այդ թվում՝ օրինական հետազոտությունների համար»: Իհարկե, սա չի վերաբերում Չինաստանի հետազոտական օդապարիկին, որն անցյալ շաբաթ օրը խոցվել էր Հարավային Կարոլինայի երկնքում, նշել է Պենտագոնի պաշտոնյան:
CNN-ը նշում է, որ վերջին երեք օրերի ընթացքում Հյուսիսային Ամերիկայի երկնքում երեք օբյեկտ է խոցվել: Շաբաթ օրն անհայտ թռչող օբյեկտ էր խոցվել Կանադայի հյուսիսում, իսկ ուրբաթ օրն անհայտ օբյեկտ էր խոցվել Ալյասկայի օդային տարածքում:
Ըստ ԱՄՆ հյուսիսային հրամանատարության և Հյուսիսային Ամերիկայի օդային տարածքի պաշտպանության հրամանատարության ղեկավար գեներալ Գլեն Վանհերքի՝ ԱՄՆ զինվորականները նոր տեղեկություններ չունեն խոցված երեք օբյեկտների ծագման երկրի կամ ֆիզիկական և մեխանիկական հատկությունների մասին: Նա, միևնույն ժամանակ, հավելել է, որ այդ օբյեկտները չեն դասակարգվում՝ որպես օդապարիկ: