Կինը գազալցակայանում գտել է նորապսակների կորցրած 15 հազար դոլարն ու վերադարձրել
Ամերիկյան Միչիգան նահանգի Ուայթ Լեյք քաղաքի բնակիչը նորապսակներին վերադարձրել է բենզալցակայանում կորցրած փաթեթը՝ նրանց նվիրաբերած 15 հազար դոլար և դրա դիմաց ստացել նոր մեքենա։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New York Post-ը։
Նախորդ տարի 65-ամյա Դայան Գորդոնի մեքենան խափանվել էր։ Այդ ժամանակվանից նա ստիպված է եղել շաբաթը հինգ օր ոտքով հինգ կիլոմետր գնալ և վերադառնալ աշխատանքի։ Մի օր նա աշխատանքից տուն էր վերադառնում և բենզալցակայանի դիմաց տեսավ փաթեթ, որտեղ 15 հազար դոլար կար և հարսանիքի շնորհավորական բացիկներ։
Թե այս գումարով կինը կարող էր նոր մեքենա գնել, սակայն որոշել էր գտնել գումարի տերերին ու փաթեթը վերադարձնել նրանց։
«Ինձ սովորեցրել են՝ եթե քոնը չէ, մի՛ վերցրու»,- ասել է ամերիկացին։
Գտածոյի մասին նա հայտնել է ոստիկանություն, և ոստիկաններին հաջողվել է գտնել նորապսակներին:
Գտածոյի վերաբերյալ Գորդոնի զանգին ընդառաջած ոստիկանի կինը դրամահավաք է սկսել՝ կնոջը շնորհակալություն հայտնելու համար։
«Լինելով ոստիկանի կին՝ հաճախ եմ վատ պատմություններ լսում, իսկ այս մեկն ակնհայտորեն լավ արարքի մասին պատմություն էր։ Ես հույս ունեի, որ մենք կարող ենք օգնել նրան մեքենա ձեռք բերել», – բացատրել է Սթեյսի Քոնելը:
Արդյունքում նրան հաջողվել է հավաքել 71 հազար դոլար: Այս գումարով Կոնելը Գորդոնի համար գնեց Jeep Compass: Մնացած միջոցները կուղղվեն մեքենայի ապահովագրության վճարմանը և անհրաժեշտության դեպքում մեքենան վերանորոգելուն:
«Ես երբեք նման բան չէի սպասում: Ես ուրախ եմ: Ես պարզապես արել եմ այն, ինչ ինձ միշտ սովորեցրել են»,- խոստովանել է Գորդոնը:
Այժմ նա կարող է գալ թոռներին ոգևորելու սպորտային մրցումների ժամանակ և ստիպված չէ ցուրտ եղանակին ոտքով գնալ աշխատանքի։
«Իմ թոռնիկը 13 տարեկան է և հոկեյ է խաղում: Իսկ իմ թոռնուհին 11 տարեկան է և մարմնամարզությամբ է զբաղվում։ Ես դեռ չեմ տեսել, թե ինչպես է նա հանդես գալիս, և շատ կարևոր է, որ հիմա կարող եմ գալ և երկրպագել նրան։ Ես նրանց շատ եմ կարոտում»,- պատմել է կինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սինգապուրում մետրոյի կայարանի հավաքարարը մի տղամարդու վերադարձրել է դրամապանակը՝ գումարով և փաստաթղթերով և հրաժարվել մրցանակից։ Մոռացված դրամապանակը վերադարձնելու համար նա ուսումնասիրել է փաստաթղթերը, աշխատանքի թույլտվության վրա գտել է ընկերության անունը և կապվել սեփականատիրոջ հետ։