Իրանի նախագահը եռօրյա այցով կմեկնի Չինաստան
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 13-ին եռօրյա այցով կմեկնի Պեկին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA-ին:
Ռայիսին նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել ՉԺՀ նախագահի հետ։ Օրակարգում են նաև երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունները և համագործակցության փաստաթղթերի ստորագրումը։
Իրանի կառավարության ղեկավարը կմասնակցի երկու երկրների գործարարների համատեղ հանդիպմանը և կհանդիպի Չինաստանում բնակվող իրանցիների հետ: Ռայիսին կհանդիպի նաև չինացի մտավորականների հետ։
Մի շարք նախարարներ կուղեկցեն Ռայիսիին Պեկին կատարելիք այցի ընթացքում:
IRNA-ն հիշեցնում է, որ Սի Ծինպինը անցյալ տարվա սեպտեմբերին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Սամարղանդի գագաթնաժողովի շրջանակներում Ռայիսիին հրավիրել էր այցելել Պեկին:
Չինաստանը Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է՝ ըստ Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության տվյալների։ Իրանից Չինաստանի ներմուծման ծավալը 2022 թվականին կազմել է 12 միլիարդ 600 միլիոն դոլար։ Իրանը Չինաստանից ներմուծել է 12 մլրդ 700 մլն դոլարի ապրանք։