Իսրայելում ավելի քան 80 հազար մարդ բողոքում է դատական բարեփոխումների դեմ
Ավելի քան 80,000 մարդ բողոքի ցույց է անցկացրել ողջ Իսրայելում՝ ընդդեմ նախատեսվող դատական բարեփոխումների, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Haaretz թերթը:
«Ավելի քան 80,000 ցուցարարներ շաբաթ երեկոյան հավաքվել են Իսրայելի փողոցներում՝ դատապարտելու երկրի դատական համակարգը թուլացնելու ծրագրերը», – գրում է թերթը:
Ինչպես նշվում է, ակցիաները սկսվել են մեկ րոպե լռությամբ՝ հարգելու այս շաբաթ Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը։ Թերթի տվյալներով՝ Թել Ավիվում փողոց է դուրս եկել 50 հազար ցուցարար։ Հավաքվածներից ոմանք կոչ են արել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը, մյուսները խնդրել են արևմտյան առաջնորդներին օգնել լուծելու երկրում ստեղծված ճգնաժամը։
Հրատարակությունը հավելում է, որ Երուսաղեմում առնվազն յոթ հազար մարդ հավաքվել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի տան մոտ, ապա երթով շարժվել դեպի Նեթանյահուի տուն, որի մուտքն արգելափակվել է ոստիկանական պատնեշներով։
Ակցիաներ են անցկացվել նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ Հայֆայում, Բերշեբայում, Աշդոդում, Բեյթ Շեմեշում, Քֆար Սավաում և այլն։
Հունվարի սկզբից Իսրայելում զանգվածային ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ դատաիրավական բարեփոխումների կառավարության ծրագրերի, որոնք կսահմանափակեն երկրի Գերագույն դատարանի լիազորությունները և թույլ կտան խորհրդարանականներին վիճարկել նրա որոշումները, ինչպես նաև կառավարությանը վերահսկել դատավորների նշանակման ընթացակարգը։ Ըստ առաջարկվող բարեփոխման՝ կառավարությունը մտադիր է, ի թիվս այլ բաների, թույլ տալ 120 տեղանոց խորհրդարանին 61 ձայնի պարզ մեծամասնությամբ վերացնել Գերագույն դատարանի վետոն: