Թուրք տղամարդը փլատակներից փրկվել է 149 ժամ անց
Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 149 ժամ անց փլատակների տակից մի մարդ է փրկվել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Anadolu գործակալությունը։
«Թուրքիայի Հաթայ քաղաքում Քահրամանմարաշի էպիկենտրոններով ավերիչ երկրաշարժերից 149 ժամ անց փլատակների տակից դուրս է բերվել 35-ամյա մի տղամարդ, Մուստաֆա Սարիգյուլը Անթաքիայի շրջանի վեցհարկանի շենքի փլատակների տակից հանվել է մոտ 5 ժամվա ընթացքում: Որոնողափրկարարական խմբերին օգնել են զինվորականները և Ռումինիայի թիմերը: Տղամարդուն ցուցաբերվել է առաջին օգնություն և հանձնվել բժիշկներին»,- հայտնում է գործակալությունը։
Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 24,6 հազար մարդ։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։