Շենքերի վիճակը՝ Թուրքիայի 10 նահանգներում երկրաշարժից հետո
Թուրքիայի 10 տուժած նահանգներում երկրաշարժերից հետո նախ պետք է քանդել մոտ 8000 շենք, ավելի քան 132,000 շենքերի գնահատումից հետո հայտնել է Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարությունը:
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ նախարարության վեց հազար աշխատակիցներ ներկայումս գնահատում են շենքերի վիճակը, ասվում է մամուլի հաղորդագրությունում։
«Առայժմ մենք ստուգել ենք 132 898 շենք 10 նահանգներում… որոնցից 7584-ը փլուզվել են կամ շտապ քանդման կարիք ունեն, 12 617 շինություն վթարի պատճառով բնակության համար անպիտան է», – հայտնել է նախարարությունը։
Ավելի քան 31 հազար շինություն չնչին վնաս է ստացել, իսկ ավելի քան 60 հազարն ընդհանրապես չի տուժել։
Նախարարությունը տեղեկացրել է, որ 10 մարզերի բոլոր շենքերի ստուգումը կավարտվի 3-4 օրվա ընթացքում։
Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 24,6 հազար մարդ։
Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ ասել էր, որ ոչ ոք չի խուսափելու պատժից այն անփութության համար, որը հանգեցրել է երկուշաբթի երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ շենքերի փլուզմանը։