Երևանում տեղի է ունեցել «Ուրարտու․ Մոռացված թագավորություն» պատմական ֆիլմի պրեմիերան
Փետրվարի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ուրարտու. Մոռացված թագավորություն» պատմական դոկումենտալ դրամա ժանրում նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, հայտնում է Aysor.am-ը։
Ֆիլմի ռեժիսորն է Վագա Վարդանյանը, հայ արքաների կերպարները կերտել են դերասաններ Միքայել Պողոսյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Արսեն Օհանջանյանը, Ռուբեն Մուրադյանը, Վահագն Մարտիրոսյանը և այլք։
«Ուրարտու. մոռացված թագավորություն»-ը վավերագրական դրամայի ձևաչափով առաջին ֆիլմն է՝ նվիրված Հայաստանի հնագույն պատմությանը։
Ֆիլմը նկարահանվել է «HAYASA» և «PARA TV» ստուդիաների կողմից:
«Ուրարտու. Մոռացված թագավորություն» ֆիլմի առաջին մասը ցուցադրվել է նաև իսպանական RTVE հեռուստաալիքի եթերում։
Պատմական արժեք ունեցող ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ Արարատյան դաշտում և ուրարտական քաղաքների տարածքներում: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին ներգրավված են եղել նաև պատմաբաններ, հնագետներ: Նրանց շարքում են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Միխայիլ Պիոտրովսկին՝ Էրմիտաժից, Իրվինգ Ֆինկելը՝ Բրիտանական թանգարանից:
Փաստավավերագրական ֆիլմում հայտնի պատմաբանները և գիտնականները ներկայացնում են կարևոր և հիշատակման արժանի փաստեր, որոնք ևս մեկ անգամ ամրագրում են հայկական պետության և պետականության թողած դարավոր մշակութային ու պատմական արժեքի մասին։
Ֆիլմի միջոցով ևս մեկ անգամ հաստատվում է հայկական միասնության և ուժի գաղափարը, որով պետք է առաջնորդվեն ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդները։