Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրավիրվել են Չարլզ III-ի թագադրման արարողության․ Սասսեքսի դուքսը ցանկանում է հաշտվել հոր հետ
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ներառվել են Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի՝ գարնանը կայանալիք թագադրման արարողությանը հրավիրված հյուրերի ցանկում։ Իրենց համաձայնությունը տալու կամ հրաժարվելու համար նրանք մի քանի շաբաթ ժամանակ ունեն, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է Express թերթը
Ինչպես փոխանցում է պարբերականը՝ բրիտանական կառավարությունում իր աղբյուրին հղումով, միապետը նման որոշում է կայացրել կրտսեր որդու առջև մեղքը քավելու համար։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սասեքսի դուքսը և նրա ընտանիքը հյուրերի ցանկում են, իսկ միջոցառման պլանավորումն արդեն ընթացքի մեջ է։ Կազմակերպիչները ցանկանում են համոզված լինել, որ թագադրման արարողությունը կանցնի հնարավորինս հարթ՝ «առանց որևէ դրամայի»։
Բացի այդ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հյուրերի տեղակայմանը, քանի որ շատ կարևոր է, որպեսզի արքայազն Հարրին և Արքայազն Ուիլյամը չնկատվեն միասին։
Թերթը նաև հայտնում է, որ թագավորական հարցերով փորձագետ Աֆուա Հագանը վստահ է՝ Հարրին հսկայական ջանքեր կգործադրի թագադրման արարողությանը ներկա գտնվելու համար, քանի որ ցանկանում է հաշտվել ընտանիքի հետ։
«Թագադրման արարողությանը մասնակցելը հաշտեցման տանող առաջին քայլն է», - Հագանի խոսքերն է մեջբերում թերթը։