Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 7-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե առաջին անգամ իրենց իշխանության ժամանակ է, որ Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն ավելի չէ Հայաստանի ողջ պետական բյուջեից։
«Եթե մենք բանակին ավելի քիչ ուշադրություն դարձնեինք, փաստացի, մեր իշխանության գալով, համարյա չէինք կրկնապատկի ռազմական բյուջեն, առաջին անգամ ռազմական բյուջեն չէր հատի մեկ միլիարդի շեմը (դոլարային արտահայտությամբ- խմբ.), ու առաջին անգամ չէր լինի, որ, առհասարակ, Ադրբեջանի մենակ ռազմական բյուջեն մեր ամբողջ պետական բյուջեից մեծ չի»,- ասել է պատգամավոր Ալեքսանյանը։ Սակայն «Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրել եւ պարզել է, որ այդ պնդումները սխալ են։
2022-ին ռազմական պաշտպանության ծախսերը փաստացի կազմել են 477,3 մլրդ դրամ (նախատեսվել էր 340,57 մլրդ դրամ) եւ այսպիսով, այդ թվում՝ դրամի արժեւորման շնորհիվ, հատել 1 մլրդ դոլարի շեմը։
Հարկ է նշել, որ ներառված չեն ԱԱԾ-ի սահմանապահ ծառայության եւ ռազմարդյունաբերության ծախսերը, իսկ 2023-ի ռազմական բյուջեի թիվը կարող է տարվա ընթացքում փոխվել։
Պատգամավորի պնդումը, թե առաջին անգամ ներկայիս իշխանության ժամանակ է, որ Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն ավելի չէ Հայաստանի ամբողջ պետական բյուջեից, սխալ է եւ ժամանակավրեպ։ Այս հայտարարությունը արդիական չէ՝ սկսած 2015-ից։ Մինչ այդ, այո՛, Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է եղել ՀՀ ամբողջ պետական բյուջեից, սակայն իրավիճակը փոխվել է 2015-ից։
Հայաստանի պետբյուջեն 2023-ին կազմում է մոտ 6,5 մլրդ դոլար (ծախսերը), իսկ Ադրբեջանի ռազմական բյուջեն 3,1 մլրդ դոլար։ 2023-ի բյուջեով Հայաստանի ռազմական ծախսերը ծրագրված են մոտ 1,3 մլրդ դոլար, ինչը մոտ 2,5 անգամ պակաս է Ադրբեջանի ռազմական ծախսերից։
Այսպիսով, Վահագն Ալեքսանյանի պնդումը, թե առաջին անգամ իրենց իշխանության օրոք է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն ՀՀ ամբողջ պետական բյուջեից մեծ չէ, սխալ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։