Անչափահասներից մեկի նկատմամբ բռնությունները շարունակվում են. ահազանգ՝ փաստաբանից
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.
«Քիչ առաջ ինձ է ահազանգել անչափահաս Գևորգ Մարտիկյանի փաստաբանը՝ հայտնելով, որ ՀՀ քննչական կոմիտեում անչափահասի հարցաքննության ընթացքում քննչական ծառայության տարբեր աշխատակիցներ, տարբեր բաժնի պետեր, վարչության պետեր ներս են մտել հարցաքննության սենյակ:
Փաստաբանը պահանջել է դուրս գալ, քանի որ անչափահասի քննություն է, և որևէ կողմնակի անձ իրավունք չունի ներկա գտնվել: Ներկաները գոռացել են փաստաբանի վրա՝ ասելով, որ դադարեցնում են հարցաքննությունը: Խառնաշփոթ է ստեղծվել, փորձել են տարբեր կերպ ճնշել փաստաբանին և անչափահասին:
Արդյունքում դադարեցվել է հարցաքննությունը և փաստաբանը պահանջել անչափահասին տեղափոխել ձերբակալվածների պահման վայր:
Պետք է արձանագրեմ, որ անչափահասի նկատմամբ ցանկացած ոտնձգություն նշանակում է, որ ուղիղ պատասխանատու են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, քանի որ նրաք տեղյակ են տեղի ունեցած ապօրինությունների մասին, և եթե շարունակվում են դրանք, նշանակում է վերջիններս հովանավորում են, որ անչափահաս տղաները ցուցմունք չտան իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործողությունների վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի կողմից վստահեցվեց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կտեղեկացվի իրավասու անձանց։
Ուշադրությամբ հետևում եմ այս խայտառակ բռնությունների շղթային»: