Ռուսաստանի համար մեկ չէ, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղի հետ․ Դեսպան
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Դիվանագետի օրվա կապակցությամբ Sputnik Արմենիային հարցազրույց է տվել, որտեղ ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը երկկողմ հարաբերությունների ամենալայն շրջանակի վերաբերյալ, խոսել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային անվտանգության ապահովման և կոնֆլիկտային իրավիճակների լուծման գործում Ռուսաստանի դերի մասին: Հարցազրույցից մի հատված՝ ստորև․
- Ռուսական կողմը բազմիցս նախագահի, արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով ասել է, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի ռուսական տեսլական, ռուսական լուծում և կա արևմտյան հայեցակարգը։ Որքանով հասկանալի է՝ արևմտյան հայեցակարգը ենթադրում է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանի իրավասությանը։ Այս առումով ո՞րն է Ռուսաստանի դիրքորոշումը։
-Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է առաջին հերթին այն պոստուլատի վրա, որ պայմանավորվածությունների ձեռքբերումն առաջին հերթին հենց կողմերի գործն է:
-Ռուսաստանը որևէ մեկին որևէ բան չի՞ ստիպի…
-Հենց այդպես է, և այդ մասին մեր նախագահն ասել է Սոչիի հանդիպման արդյունքներով, որքան հիշում եմ։ Մենք կարգավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումն արտահայտել ենք, և նախագահն այդ մասին խոսել է, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերին։ Սա այն հարցն է, որը պետք է երկու կողմերը լուծեն։ Ռուսաստանում ուշադրություն են դարձրել Պրահայի հայտարարությանը, որտեղ հղում կար նախկին խորհրդային հանրապետությունների սահմաններն ու տարածքային ամբողջականությունը ճանաչող Ալմա Աթայի հռչակագրին։
Ռուսաստանում դա ընկալեցին որպես հայկական կողմից որոշակի տեղաշարժ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ դիրքորոշումներում։ Այդ թեմայով մեկնաբանություններ է տվել Սերգեյ Լավրովը։ Ես հիմա չէի ցանկանա խորանալ այդ իրավաբանական, իրավական մանրամասների մեջ։ Բայց, բնականաբար, Ռուսաստանը ելնում է նրանից, թե ինչպես են կողմերը տեսնում իրենց համար ընդունելի տարբերակները։
Ռուսաստանն իր կողմից պատրաստ է աջակցել, որպեսզի այդ պայմանավորվածությունը ձեռք բերվի։ Միաժամանակ Ռուսաստանի համար մեկ չէ, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղի հետ, և թե ինչպես կդասավորվի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։ Մենք շատ կարևոր ենք համարում, որ հայ բնակչությունն իրեն հարմարավետ և ապահով զգա այնտեղ։ Ի վերջո, հենց դա է նաև խաղաղապահ զորախմբի հիմնական նպատակը։ Ես համոզված եմ, որ խաղաղությունը կարող է ամուր լինել միայն այն դեպքում, երբ հակամարտող կողմերը խաղաղության համաձայնագրի հիմքում ընկած բանաձևն ընկալում են որպես արդարացի բանաձև։
- Չեմ կարող չանդրադառնալ երկկողմ օրակարգին․․․ Չնայած սոցցանցերում և այլ հարթակներում երբեմն նկատվող բացասական տրամադրություններին` երկկողմ հարաբերությունները, հատկապես տնտեսական ոլորտում ակտիվորեն զարգանում են, մենք տեսնում ենք ներդրումների աճ, ընդ որում՝ փոխադարձ։ Ի՞նչ կարող եք ասել այս հարաբերությունների դինամիկայի և գուցե դրանց խութերի մասին:
- Այո՛, առկա իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ։ Բայց եթե ընդհանուր գնահատական տանք, ապա մեր հարաբերությունները շարունակում են դաշնակցային մնալ։ Եվ բոլորովին վերջերս այդ մասին հստակ ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար (Դմիտրի) Պեսկովը։ Բարդություններ կան, մենք դրանք տեսնում ենք քաղաքական, տարածաշրջանային անվտանգության ոլորտների հետ կապված հարցերում։ Կան նաև հայկական ղեկավարության հայտարարությունները՝ ռուսական խաղաղապահ զորախմբի քննադատությամբ։
Իհարկե, դա մեզ չի ուրախացնում, մենք չենք կարծում, որ նախ արդարացի է, երկրորդ՝ ճիշտ է հրապարակավ քննադատել` հաշվի առնելով այն դերը, որ ունի Ռուսաստանը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և ընդհանրապես տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանման գործում։ Այնուամենայնիվ, ներկա իրավիճակն ամեն դեպքում ցույց է տալիս, որ մեր հարաբերություններն ամուր առանցք և շատ լավ ներուժ ունեն։ Դուք նշեցիք տնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Այն իսկապես շատ դինամիկ է։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։