Թուրքիան դատապարտել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել ու դատապարտել է Մեքսիակի սենատի որոշումը և նշել, որ իբր դա հակասում է 1948թ․ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային և ՄԻԵԴ-ի որոշումներին։
Մինչդեռ Մեքսիկայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթն ընդունելիս վկայակոչել է մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
«Ցավալի է, որ Մեքսիկայի սենատի այս վտանգավոր որոշումը համընկավ այն բան հետ, որ Մեքսիկայից ժամանած խմբերի մասնակցությամբ երկրաշարժից տուժածների որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, և այն չի համընկնում Թուրքիա-Մեքսիկա բարեկամության հետ»,-ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Վերջում Թուրքիայի արտաքին քաղաքական գերտեսչությունը Մեքսիկայի սենատին կոչ է անում «շտկել այդ սխալ քայլը» և «պատմությունից թշնամանք չստեղծել»։