Հարվածների տեղատարափ է եղել, մարմնի մաս չի մնացել, որ հարված չհասցվի․ Հրանտ Անանյանը՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկված փաստաբանների մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանության Էրեբունու բաժնում, փետրվարի 10-ի գիշերը, իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ, ոստիկանների կողմից երկու փաստաբան բռնի ուժի են ենթարկվել, ծեծվել, նրանց հասցեին հայհոյանքներ են հնչեցվել։
Փաստաբան Հրանտ Անանյանը, որը վարույթի շրջանակներում ներկայացելու է բռնության ենթարկված գործընկեր փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի շահերը, նշեց, որ տեղի ունեցած միջադեպը, դրա շարժառիթը փաստաբանների մասնագիտական գործունեությունն է։ Փաստաբանները մասնակցելիս են եղել իրենց անչափահաս վստահորդի առերեսմանը՝ վերջինիս բերման ենթարկած օպերլիազորի հետ։
«Տվյալ քննչական գործողության ընթացքում, առերես հարցաքննությանը, որին մասնակցել են Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, անչափահաս վկան, իր օրինական ներկայացուցչի և հոգեբանի ներկայությամբ ցուցմունքներ է տվել իր հետ առերեսվող, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորի հետ, այն մասին, թե ինչպես են իրենց՝ ուսանողներին, նախորդ օրը բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։ Նշել է, թե ինչպես են բաժնում խոշտանգել նրանց, այդ թվում՝ գլուխը հագուստով ծածկել, մի քանի հոգով ծեծի ենթարկել, գետնին պառկացրել, ոտքերը դրել իրենց վրա ու այդ ցուցմունքները տալու ժամանակ։ Օպերլիազորի մոտ, որը առերեսվում էր տվյալ անչափահաս վկայի հետ, ըստ էության, լարվածություն է կուտակվել ու հասել գագաթնակետին այն ժամանկ, երբ անչափահաս ձերբակալվածի պաշտպանները հարցեր են ուղղել օպերլիազորին՝ դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտմանն ուղղված։ Այդ բոլոր հարցերն արձանագրվել են քննչական գործողության արձանագրության մեջ, որոնք ամբողջովին կոկին են և կոռեկտ։ Սակայն առերեսվող օպերլիազորը դրանից էլ ավելի է տաքացել, էլ ավելի է լարվել։
Քննչական գործողության դռան մուքտի մոտ հավաքված են եղել մոտ 10 օպերլիազորներ, որոնք առհասարակ այդտեղ չպետք է գտնվեին։ Այնուհետև մինչև տվյալ քննչական գործողության արձանագրությունը ստորագրելը, օպերլիազորը նաև դուրս է եկել աշխատասենյակից, միջանցքից սկսել է տարբեր բնույթի վիրավորական և պատիվն ու արժանապատվությունը կասկածի տակ դնող արտահայտություններ անել Մարզպետ Ավագյանի հասցեին։ Նա էլ ընդամենը պարզաբանում է պահանջել և ասել, որ իրար չեն ճանաչում, մասնագիտության բերումով է այնտեղ, ինչումն է խնդիրը։ Այդ հարցադրումներին հետևել են ագրեսիվ պատասխաններն ու հարձակումը Մարզպետ Ավագյանի նկատմամբ։
Էմանուել Ավագյանը, որը մի քանի վայրկյան անց դուրս է եկել միջանցք, երբ Մարզպետ Ավագյանին արդեն շրջափակած են եղել ու ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցրել, հորդորել է հանգստանալ բոլորին, ոլորել են նաև Էմանուել Անանյանի ձեռքերն ու հարվածներ հասցրել։ Երբ ձեռքերը ոլորված վիճակում են եղել, հատկապես այդ առերես հարցաքննությանը մասնակցած օպերլիազորը, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերգծով տեղակալը նույնպես հայհոյել են Էմանուել Անանյանին, իսկ օպերլիազորը հարվածել է նրա գլխին»,-ասաց Հրանտ Անանյանը։
Նրա խոսքով՝ քանի որ ոստիկանության այդ շենքի երկրորդ հարկում տեղակայված է Քննչական կոմիտեի մի բաժինը, ՔԿ քննիչների միջամտության արդյունքում նոր հնարավոր է եղել սաստել ոստիկաններին ու դադարեցնել այդ գործընթացը։
«Եթե դա էլ չլիներ, ես կարծում եմ ավելի ծանր հետևանքներ էին առաջ գալու։ Սա ոչ միայն մասնավոր դեպք է, այլև սա ինստիտուտի դեմ քայել է»,-ասաց փաստաբանը։