Կասկածներ կան՝ կացարանում թմրանյութ է եղել. փորձաքննություն է նշանակվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն. կասկածներ են եղել, որ թմրանյութ է եղել կացարանում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը՝ նշելով. «Այո, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաեւ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը եւս չի ստացվել»:
Իսկ հիմա կարեւոր հարցը՝ ինչո՞ւ է նշանակվել այս փորձաքննությունը: Բանն այն է, որ սպայի եւ մահացած 15 զինվորների հարազատների մոտ կասկածներ կան, թե մինչ կրակը կհասներ սենյակ, տղաները կարող էին տարբերակներ գտնել, դուրս գալ այրվող կացարանից եւ փրկել իրենց կյանքը, սակայն չեն արել: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երեւույթը, որ երբ ինքը գոռացել, աղաղակել է, թե՝ հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել:
Ահա այս կասկածների մասով էլ նշանակվել է վերոնշյալ փորձաքննությունը: Նշենք, որ սպան բանավոր պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, եւ կարող են իրեն դատապարտել այդ արարքի համար. երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ, անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել: Մինչ օրս սպան գրավոր ցուցմունք չի տվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: