Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ-ում կոռուպցիան ավելացել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանը նախորդ տարի հետընթաց է ապրել, այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք կաշառակերությունն ու կոռուպցիան ավելացել են: Մասնավորապես, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը:
Հայաստանը ոչ միայն չի հաղթահարել լճացումը, այլեւ թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, եւ այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։
Ավելին՝ ինչպես նկատել են հեղինակավոր կազմակերպության փորձագետները, Հայաստանում մի քանի տարվա առաջընթացից հետո մտահոգիչ նշաններ են նկատվում. երկիրն անցած տարի կորցրել է 3 միավոր։ Թեեւ այդ անկումը «վիճակագրորեն նշանակալի չէ», այդուհանդերձ միտումը, ըստ կառույցի, արտացոլում է «զսպող եւ հակակշռող մեխանիզմների, իրավապահ գործունեությունում թափանցիկության, անկախ դատական համակարգում եւ քաղաքացիական տարածքի պաշտպանության ապահովման խախտումը»։ Եվ, իհարկե, այս ամենի համար, ինչպես եւ սպասելի է, Նիկոլ Փաշինյանը շտապում է մեղադրել ուրիշներին:
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ երեկ, Փաշինյանն այսպիսի միտք հնչեցրեց. «Օրինակ՝ մասնավորապես՝ ես կարծում եմ, որ էդտեղ ունեն նաեւ դեր լրատվամիջոցների կողմից արված հրապարակումները այս կամ այն պաշտոնյայի մասին, չգիտեմ, տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ: Եվ ես ուզում եմ առաջարկել բանաձեւ, որ էդպիսի որեւէ հրապարակում անարձագանք չմնա. եթե ճիշտ չէ, ուրեմն պետք է քաղաքացիական հայցի կարգով գնալ եւ հետեւողական լինել: Թող երկու տարի հետո լինի որոշումը, մի տարի հետո լինի, որովհետեւ դատական գործերը երբեմն արհեստական կամ բնական ձգձգվում են», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում:
Այսինքն՝ նա, ըստ էության, հրահանգեց ամեն կոռուպցիոն բացահայտման հետեւից գնալ, դատի տալ լրատվամիջոցներին:
Ստացվում է՝ Փաշինյանի օրոք երկրում կոռուպցիան, հովանավորչությունը, դատավորներին ճնշելը դարձել են ամենատարածված երեւույթը, եւ այս պայմաններում վարչապետը հորդորում է լրատվամիջոցների հետեւից ընկնել:
Հավելենք՝ ուսումնասիրության արդյունքներով՝ նախորդ տարվա պես Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարեւաններից՝ Թուրքիայից, Ադրբեջանից եւ Իրանից»։
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։