ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կմնա կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Շուրջ 6 ժամ տևած դռնփակ դատական նիստից հետո այս մասին «Հետքին» հայտնեց Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը։ Նրա խոսքով՝ այս որոշումը բողոքարկվելու է։
Երեկ Սուրեն Մանուկյանը հայտնել էր, որ դատական նիստին ներկայացնելու է երկու տեսանյութ, որոնք շատ կարևոր և էական նշանակություն են ունենալու քրեական գործի ընթացքի վրա։
«Տեսանյութերից մեկը Խաչատուր Քոքոբելյանի մասնակցությամբ է, որը վերնագրել եմ «Խայտառակվել, խայտառակվել մինչև վերջ», իսկ մյուս տեսանյութը Վաչիկ Քոքոբելյանի մասնակցությամբ է, որը վերնագրել եմ «Չթքե՛ք երեսիս»»,- հայտնել էր Սուրեն Մանուկյանը՝ նշելով, որ ձեռնպահ կմնա տեսանյութերն իրեն տրամադրած բարձրաստիճան պաշտոնյայի անուն-ազգանունը հրապարակելուց։
Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը մեկնաբանություն չտվեց տեսանյութերի բովանդակության մասին՝ նշելով, որ դատական նիստի ընթացքում էլ չեն հրապարակվել դրանք, քանի որ իր վստահորդի կողմից հրապարակման համար պայման էր դրվել լրատվամիջոցների, ինչպես նաև Խաչատուր և Վաչիկ Քոքոբելյանների ներկայությունը։ Նրա խոսքով՝ դատավարության հետագա փուլերում կհրապարակվեն դրանք։
«Մեր համոզմամբ՝ այս մեղադրանքն անհիմն է, անօրինական է, կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վաղուց չկա։ Մեղքը հիմնավորող որևէ հստակ ապացույց չի ներկայացվում։ Շարունակաբար արհեստական ապացույցներ սարքելով՝ կալանքը երկարացվում է»,- ասաց փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։
Նշենք, որ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Սուրեն Մանուկյանը գտնվում է կալանքի տակ 2022թ․ օգոստոսի 14-ից։ Դեկտեմբերի 9-ին դատարանը կրկին բավարարել էր քննիչի միջնորդությունը՝ Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։