Եվրոպայում անհետանում է ՌԴ-ի հետ հակամարտությունում անուղղակի և ուղղակի ներգրավվածության միջև սահմանը. Պեսկով
Լոնդոնի կողմից Կիևին կործանիչների մատակարարման հարցի քննարկումն ընկալվում է որպես Եվրոպայի աճող ներգրավվածություն Ռուսաստանի հետ հակամարտությունում: Եվրոպայում անհետանում է Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում անուղղակի և ուղղակի ներգրավվածության միջև սահմանը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Մենք դա ընկալում ենք որպես, ըստ էության, ոչ այլ ինչ, քան Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի աճող ներգրավվածություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում: Աստիճանաբար վերանում է անուղղակի և ուղղակի ներգրավվածության միջև սահմանը: Այս առումով կարելի է միայն ափսոսանք հայտնել», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Նրա խոսքով՝ կարելի է «արձանագրել, որ նշված երկրների կողմից նման գործողությունները հանգեցնում են այս հակամարտության շուրջ լարվածության սրման, ձգձգում են այս հակամարտությունը, այն ավելի ցավոտ ու տանջալից են դարձնում Ուկրաինայի համար»։
«Սկզբունքորեն երկրների այս գործողությունները չեն փոխի այս հակամարտության ելքը և չեն փոխի այն հետագիծը, որով մեր երկիրը հատուկ ռազմական գործողության շրջանակներում գնում Է իր նպատակներին հասնելու առումով», - ընդգծել է Պեսկովը։
Ավելի վաղ Wall Street Journal թերթը, վկայակոչելով բրիտանական կառավարության ներկայացուցչին, հաղորդել էր, որ Լոնդոնը դիտարկում է Կիև կործանիչներ տեղափոխելու հնարավորությունը։
Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը նախազգուշացրել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից Կիևի վարչակարգին կործանիչների մատակարարումները ռազմաքաղաքական հետևանքների կհանգեցնեն եվրոպական մայրցամաքում և ամբողջ աշխարհում։
Դեսպանատանը նշել են, որ Ռուսաստանը պատասխան կգտնի բրիտանական կողմի ցանկացած ոչ բարեկամական քայլի, այդ թվում՝ Ուկրաինային կործանիչներ մատակարարելու դեպքում։ Խոսակցություններն այն մասին, որ Ուկրաինային անհրաժեշտ են կործանիչներ, սկսվել են անմիջապես այն բանից հետո, երբ մի շարք երկրներ հայտարարեցին, որ տանկեր կմատակարարեն Կիևին: Սակայն ինչպես նշում են երկրների ներկայացուցիչները, այդ տանկերը կարող են ուկրաինացի զինվորականներին հասնել մի քանի ամսից ոչ շուտ։
Ինչ վերաբերում Է ռազմական ինքնաթիռներին, ապա արեւմտյան երկրների իշխանությունների պաշտոնատար անձինք դեռ կոնկրետ չեն հայտարարել դրանք ուղարկելու մտադրությունների մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը միայն ասել է. «Երբ խոսքը գնում Է կործանիչների մասին, ապա դրանք, իհարկե, խոսակցության մի մասն են», իսկ Ֆրանսիայի նախագահը չի բացառել մատակարարումները։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ «ոչ» էր պատասխանել լրագրողների այն հարցին, որը վերաբերում Էր ուկրաինացի զինվորականներին F-16 կործանիչներ մատակարարելուն։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել Է, որ Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ և սուզանավեր մատակարարելու պահանջները միայն վնասում են ՆԱՏՕ-ի միասնությանը, և Բեռլինը չի մասնակցի նման քննարկումներին։
Ինչպես նշում են փորձագետները, եթե արևմտյան երկրները, այնուամենայնիվ, որոշեն Կիևին կործանիչներ մատակարարել, ապա դրանք ուկրաինացի զինվորականներին կհասնեն զգալիորեն ավելի ուշ, քան տանկերը։