Նախկին փոխվարչապետի հորեղբայրը ձերբակալվել է․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է․
Փետրվարի 3-ին, գիշերը ժամը երեքի սահմաններում Գյումրիի ռեստորանային համալիրներից մեկի մոտ մի քանի տղամարդիկ խուզարկել, ապա խլել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հեռախոսն ու դրամապանակը՝ 910 եվրոյով, նաև այդ քաղաքացու ընկերուհու ՌԴ անձնագիրն ու հեռախոսը։ Տուժածները տեղի ունեցածի մասին հայտնել են մոտակայքում գտնվող պարեկներին, ավելի ուշ ոստիկանությունը 4 տղամարդու է ձերբակակել։
Պարզվել է, որ ձերբակալվածներից մեկը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է:
«Հրապարակի» տեղեկություններով՝ Աղասի Մաթևոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրն է:
Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանից, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նա այս պահին արձակուրդում է, բայց հավելեց, որ այո, Աղասի Մաթևոսյանին ձերբակալել են:
Մեր այն հարցին, թե Աղասի Մաթևոսյանը նախկին փոխվարչապետի հորեղբա՞յրն է, Պապիկյանը ասաց.
«Գիտեմ, որ ազգակցական կապ ունեն, բայց, կոնկրետ ինչ, չգիտեմ»: