Էրդողանը զոհերի նոր թիվ է հայտնել
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 14 հազարը, փետրվարի 9-ին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այս պահին զոհերի թիվը հասել է 14014-ի, վիրավորվել է 63794 մարդ, ավերվել է 6444 շինություն»,- ասել է Էրդողանը, ով գտնվում է երկրաշարժից տուժած Գազիանտեփում, փոխանցում է TRT հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան 7 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել (տեղական ժամանակով ժամը 04.17-ին՝ 7.7 բալ և 13.24-ին՝ 7.6 բալ)։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել բնական աղետից տուժածների համար։ Թուրքիայի պետական դրոշները ողջ երկրով մեկ իջեցվել են։
Երկրի տասը նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է մտցվել։
Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, հունական Կիպրոսում և Իրաքում։