ԱՄՆ-ում փայտփորիկը բնակիչներից մեկի տան պատերում անցքեր է արել ու դրանք լցրել 317 կգ կաղինով (լուսանկարներ)
Կալիֆոռնիայի վնասատուների դեմ պայքարող ընկերություններից մեկը վերջերս բախվել է իր պատմության ամենաարտասովոր դեպքերից մեկին. փայտփորիկը բնակիչներից մեկի տան պատերում անցքեր է արել ու դրանք լցրել ընդհանուր 317 կգ կաղինով, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Oddity Central-ը:
Անցյալ ամիս Կալիֆոռնիայի մի ընտանիքը դիմել է ընկերությանը՝ խնդրելով շտկել համառ փայտփորիկի «աշխատանքը», որը անընդհատ անցքեր էր բացում իրենց տան արտաքին պատերին և դրանք լցնում կաղիններով: Փայտփորիկը «հաշվի չէր առնում» պատերի շերտերի միջև եղած դատարկ տարածությունը, ուստի կաղինները, որոնք նա անընդհատ բերում էր, լցվել են պատերի դատարկ տարածության մեջ և ի վերջո սկսել են դուրս գալ ներսի տարբեր բացվածքներից:
Սկզբում վնասատուների դեմ պայքարի մասնագետը ստուգել է տան արտաքին տեսքը և հաստատել, որ դա փայտփորիկի գործն է։ Տան պատերը «ամբողջովին ավերված էին»:Երբ վնասատուների դեմ պայքարի մասնագետները սկսել են անցքեր բացել տան ներքին պատերի մեջ, կաղինների «սարերը» սկսել են թափվել, և որքան շատ անցքեր էին նրանք բացում, այնքան ավելի շատ կաղին էին գտնում: Ի վերջո, նրանք դուրս են բերել 317 կգ կաղին: