Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն արդեն մոտ 13 հազար մարդու կյանք է խլել
Փետրվարի 9-ին Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 13 հազարի։
«Վերջին տվյալներով զոհերի թիվը կազմում է 12 873 մարդ, վիրավորներինը՝ 62 937»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է գործակալությունը։
Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում։ Ինչպես նշել է Էրդողանը, այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Դրան հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ, իսկ օրվա կեսին՝ 7,6 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ։ Թուրքիայում ցնցումները շարունակվում են արդեն երեք օր։
Երկրում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարվել, իսկ աղետից տուժած տասը նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է մտցվել։
Երկրաշարժից տուժել է նաև Սիրիան՝ Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Տեղի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 1200 մարդ մահացել է, ավելի քան երկու հազարը՝ վիրավորվել։