Ոստիկանները հրազեն ու փամփուշտներ են հայտնաբերել
Աշտարակի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կոշ գյուղում բնակվող մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Ստացված տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Փետրվարի 1-ին իրավապահները Կոշում հայտնաբերեցին, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 27-ամյա մի երիտասարդի։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ձերբակալվածի մեքենայի խուզարկությամբ բեռնախցիկում հայտնաբերվեց հրազեն: Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեցին փամփուշտներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։