Իրանը 2022 թ. մարտից ի վեր եռապատկել է սպառազինությունների արտահանումը
Իրանական սպառազինությունների արտահանումը 2022 թ. մարտից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանում եռակի աճել Է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար գեներալ Սեյեդ Մեհդի Ֆարահին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Մեր պաշտպանական արտադրանքի արտահանումն աստիճանաբար զարգանում է, այս տարի (խմբ.՝ իրանական օրացույցով 1401 թ., սկսվել է 2022 թ. մարտի 21-ին) արտահանումը եռապատկվել է նախորդ տարվա համեմատությամբ», - Ֆարահիի խոսքը մեջբերում IRNA գործակալության Telegram-ալիքը։
Փոխնախարարի խոսքով՝ երկրում ռազմաարդյունաբերական համալիրի ինտենսիվ զարգացումն սկսվել է տասը տարի առաջ։ Դրա արդյունքում նկատելիորեն աճել է զորավարժություններին հայրենական զինտեխնիկայի մասնակցությունը. միայն վերջին տարում դրա բաժինն աճել է 10%-ով՝ հասնելով 93%-ի նշագծին։
Իրանցի գեներալը նաև նշել է, որ աշխարհում Իրանի հակառակորդների մեծ թվի կապակցությամբ հանրապետությունում պաշտպանական արդյունաբերությունը պետք է գտնվի ոչ թե մասնավոր անձանց, այլ կառավարության ձեռքում։