Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպ
Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպի միջազգային օդանավակայան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
Օդանավակայանում է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Կարմիր մահիկի խմբերը, լրագրողները:
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանը Սիրիա է ուղարկել 29 փրկարար:
Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հաջորդ օրը Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնել էր Սիրիա և Թուրքիա փրկարարական խմբեր ուղարկելու մասին: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ վարչապետը զրուցակիցներին ցավակցել էր ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և հայտնել Հայաստանի կողմից տրամադրվելիք աջակցության մասին: