Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը կտրվի «Փյունիկ»-ին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը կհանձնի «Փյունիկ»-ին:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որում մրցում են նախորդ մրցաշրջանի չեմպիոնը և գավաթակիրը, սովորաբար անցկացվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին:
Դեռևս մինչև 2022/2023 մրցաշրջանի մեկնարկը «Նորավանք» ֆուտբոլային ակումբը դադարեցրեց գոյությունը:
2022 թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում էր ՈՒԵՖԱ Եվրոպայի Ազգերի Լիգայի հերթական հանդիպումը՝ մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Հետևաբար, Սուպերգավաթի հանդիպման անցկացումն այդ օրը հնարավոր չէր:
Պայմանավորված եվրագավաթային ելույթներով՝ «Փյունիկի» գրաֆիկը չափազանց խիտ էր, ինչի պատճառով Սուպերգավաթի հանդիպման անցկացումը հնարավոր չեղավ նաև Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի աշնանային հատվածում:
ՀՖՖ-ն կայացրել է հատուկ որոշում. չանցկացնել Սուպերգավաթի 2022 թ. հանդիպումը և մրցանակը շնորհել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին:
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին կշնորհվի Պրեմիեր Լիգայի՝ փետրվարի 24-ին կանանալիք «Վան» - «Փյունիկ» հանդիպումից առաջ: