Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10.48-ին, Քահրամանմարաշ քաղաքից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։
Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։
Նախնական տվյալներով՝ Թուրքիայի երկրաշարժին զոհ են գնացել 6 հայեր, հայեր կան նաև փլատակներում՝ «Հորիզոնին» հաստատել է «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։
Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: