ՌԴ ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է ուղարկել օրեր առաջ երկրաշարժից տուժած Իրան
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարության կարգադրությամբ հումանիտար օգնություն կհասցնի Իրան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«Իրանի Իսլամական Հանրապետություն հումանիտար օգնություն հասցնելու նպատակով ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը «Ժուկովսկի» օդանավակայանից օդ է բարձրացել: ՌԴ կառավարության կարգադրությամբ տեղ կհասցվի 35 տոննա ընդհանուր քաշով հումանիտար բեռ», - հաղորդել Է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Մարդասիրական օգնությունը ներառում է շաքարավազ, ալյուր, բուսայուղ, վրաններ, տաք ծածկոցներ, վառարաններ և շարժական էլեկտրակայան։
Հունվարի 28-ի երեկոյան 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում, այդ թվում՝ Խոյ քաղաքի շրջանում։ Վերջին տվյալներով՝ առնվազն երեք մարդ զոհվել է, ևս 973-ը՝ վիրավորվել։ Երկրաշարժից հետո գրանցվել է առնվազն 25 հետցնցում։