Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դարձել է դարի փորձությունը. Բայդենն ուղերձով դիմել է Կոնգրեսին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը Կոնգրեսում հանդես է եկել «Պետության վիճակը» ամենամյա ուղերձով, որի 72 րոպեների ընթացքում անդրադարձել է ինչպես պետության ներքին վիճակին, այնպես էլ արտաքին մարտահրավերներին, հաղորդում է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ նախագահն անդրադարձել է Չինաստանի ենթադրյալ լրտեսական օդապարիկին, որն օրերս հայտնվել էր ԱՄՆ-ի երկնքում և որը խոցվեց ամերիկյան զինվորականների կողմից: Միևնույն ժամանակ Բայդենը շեշտել է, որ մտադիր է աշխատել Պեկինի հետ այն դեպքերում, երբ դա կնպաստի ԱՄՆ-ի շահերին:
«Այսօր մենք վերջին տասնամյակների ընթացքում ամենաուժեղ դիրքում ենք՝ մրցակցելու Չինաստանի կամ աշխարհում ցանկացածի հետ: Ես հանձնառու եմ աշխատել Չինաստանի հետ, երբ դա առաջ կտանի ԱՄՆ-ի շահերը և օգուտ կբերի աշխարհին: Բայց համոզված եղեք, ինչպես մենք ցույց տվեցինք անցյալ շաբաթ, եթե Չինաստանը սպառնա մեր ինքնիշխանությանը, ապա մենք կգործենք, որպեսզի պաշտպանենք մեր երկիրը: Եվ մենք այդպես էլ արեցինք: Եվ եկեք մի բան պարզ հասկանանք՝ Չինաստանի հետ մրցակցությունում հաղթելը պետք է միավորի մեզ բոլորիս: Մենք լուրջ մարտահրավերների ենք բախվում ամբողջ աշխարհում», - Բայդենի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
ԱՄՆ նախագահը նաև անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին՝ դրանք որակելով որպես դարի փորձությունը:
«Պուտինի ներխուժումը դարձել է դարի փորձություն՝ փորձություն Ամերիկայի համար, փորձություն աշխարհի համար… Միասին մենք արեցինք այն, ինչ ԱՄՆ-ն անում է լավագույնը: Մենք առաջնորդեցինք: Մենք միավորեցինք ՆԱՏՕ-ն և կառուցեցինք համաշխարհային կոալիցիա: Մենք կանգնեցինք Պուտինի ագրեսիայի դեմ: Մենք կանգնեցինք ուկրաինացի ժողովրդի կողքին», - ասել է Բայդենը՝ հավաստիացնելով, որ Վաշինգտոնը Կիևի կողքին կկանգնի այնքան, որքան դրա կարիքը լինի:
Բայդենը նաև նշել է, որ ԱՄՆ-ն գտնվում է բեկումնային կետում. երկիրը պետք է հաղթահարի ներքաղաքական պառակտումը: Նա ընդգծել է ամերիկյան տնտեսության ուժն ու կայունությունը՝ հայտնելով, որ գործազրկության մակարդակը հունվարին հասել է վերջին 50 տարիների ընթացքում ամենացածր մակարդակին: Բայդենը նաև հավաստիացրել է, որ վերջին 40 տարիների ընթացքում վատթարագույն ինֆլյացիան արդեն կարգավորվում է: Իսկ համաշխարհային գնաճի պատճառ ԱՄՆ նախագահն անվանել է COVID-19-ի համավարակը և Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունները:
ԱՄՆ նախագահը նաև ցանկություն է հայտնել, որ Կոնգրեսը հաստատի իր ներկայացրած որոշ առաջարկություններ, այդ թվում՝ ավելացնի միլիարդատերերի հարկերը, արգելի հարձակողական զենքի վաճառքը:
Ջո Բայդենը նաև հայտարարել է, որ շուտով ԱՄՆ-ում կչեղարկվի կորոնավիրուսի պատճառով հանրային առողջապահության ոլորտում հայտարարված արտակարգ դրությունը:
Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ Բայդենի ելույթը Կոնգրեսում շատ առումներով, ասես, նախերգանք էր 2024 թ.-ի նախագահական ընտրություններում նրա հնարավոր առաջադրման համար: Սակայն շատերը կասկածում են, որ 80-ամյա նախագահը կկարողանա կառավարել երկրորդ նախագահական ժամկետում, որի ավարտին, ընտրվելու դեպքում, նա կլինի 86 տարեկան: