Հրապարակվել են Թուրքիայում փլատակներից տղամարդուն փրկելու կադրերը
Թուրքիայի Մալաթիա քաղաքում փլուզված յոթհարկանի շենքի տակից դուրս են բերել մի տղամարդու, ով մեկ օր մնացել է փլատակների տակ ու ողջ մնացել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ «Իզվեստիա»-ի թղթակիցը տարածել է համապատասխան կադրերը։
«Մեր աչքի առաջ իսկական հրաշք է տեղի ունենում՝ մեկ օր անց փլատակների տակից կենդանի մարդու են դուրս բերել։ Բոլոր ականատեսներին խնդրում են մի կողմ քաշվել՝ շտապօգնության համար նախատեսված անցումը մաքրելու համար»,- ասել է թղթակիցը։
Ձայնագրության մեջ երեւում է ավերված շինություն, որի տակ, ըստ թղթակցի, առնվազն 60 մարդ կա։ Փլատակները մաքրող փրկարարների շուրջը հավաքվել են հարազատները՝ սիրելիներին փրկելու ակնկալիքով։
Սեյսմոլոգները փետրվարի 6-ի գիշերը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։ Դա տեղի է ունեցել թուրքական Գազիանթեփ քաղաքի մոտ, որը գտնվում է սիրիական սահմանի մոտ։ Դրան հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Կեսօրից հետո կրկին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։