Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր հատկապես Արագածոտնի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Մասնավորապես, Աշտարակի և Ապարանի բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Երկու հրազենի կամավոր հանձնման դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Թալինի բաժնում։ Հրազենները բաժին էր բերել Մաստարա գյուղի մի բնակիչ։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արմավիրի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողները։ Արմավիրի բաժնում արձանագրվել է որսորդական հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Հրացան ու ռազմամթերք Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է նաև Բաղրամյան գյուղի մի բնակիչ։
Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Արտաշատի բաժնում արձանագրվել են ռազմամթերքի և ինքնաձիգների, այդ թվում՝ «Կալաշնիկովի», Արարատի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Արդյունավետ էր նաև Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Գավառի բնակիչներից մեկը մարզային վարչությունում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Լանջաղբյուր գյուղի մի բնակիչ էլ Գավառի բաժին էր բերել հրացան ու փամփուշտներ։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի և Մարտունու բաժինների ծառայողները։ Մարտունիում արձանագրվել են ակոսափող հրացանի և ռազմամթերքի, Ճամբարակում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպքեր։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Իջևանի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։
Թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնում էլ արձանագրվել է ոստիկանության Նաիրիի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։
Արդյունավետ էր Գորիսի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։
Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։