Ավազակությունն արագ բացահայտվեց
Փետրվարի 3-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 03.00-ի սահմաններում ընկերուհու հետ եղել են Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, երբ իրենց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա, ապա մեքենայից իջած անձինք սկսել են, այսպես ասած՝ խուզարկել իրենց, իր մոտից վերցրել են դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մոտից՝ նրա և իր անձնագրերն ու հեռախոսը։ Բացի այդ, վիճել են իրենց հետ, ինչից հետո նրանցից մեկը իր դրամապանակից վերցնելով 910 եվրո՝ հեռացել են: Քաղաքացին նաև հայտնել էր, որ այդ ժամանակ նկատելով պարեկային ծառայության մեքենան՝ մոտեցել են և պարեկներին հայտնել կատարվածի մասին:
Շիրակի պարեկների և Ախուրյանի ոստիկանների միջոցառումների արդյունքում Գյումրիի Թեհլերյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, Ախուրյանի բաժին են տարվել չորս տղամարդ: Բաժնում կատարված խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: Գյումրեցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ավազակության հատկանիշներով։ Հանգամանքները պարզվում են։