Ռուսաստանն օգնություն է ուղարկում Իրան հունվարի 28-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների համար
Ռուսաստանը փետրվարի 7-ին մարդասիրական օգնության խմբաքանակ կուղարկի Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքի շրջանում հունվարի 28-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաներին։
Հաղորդվում է, որ Ռուսաստանի մարդասիրական օգնությունն Իրան է մտել Հայաստանի սահմանով և կուղարկվի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաք:
Հունվարի 28-ին 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է 175 հազար բնակչություն ունեցող Խոյ քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևելք: Հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել:
Ըստ Արևմտյան Ադրբեջանի նահանգապետի՝ երկրաշարժը 20-50 %-ի վնաս է պատճառել 70 գյուղերի շինությունների: Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղար Յակուբ Սոլեյմանիի խոսքով՝ տուժածներին բաժանվել Է մոտ 7 հազար վրան, ստեղծվել են ժամանակավոր տեղավորման 30 ճամբարներ, որտեղ մարդկանց տրվում են վերմակներ, տաքացուցիչներ և սնունդ: