ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է Թուրքիա փրկարարներով երկու ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության մասին
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է Թուրքիա ուղարկել փրկարարներով երկու Իլ-76 ինքնաթիռ՝ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում օգնություն ցուցաբերելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է փրկարարներ ուղարկել Թուրքիայի Հանրապետություն՝ այս գիշեր Գազիանթեփի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն օգնություն ցույց տալու համար», - նշել են ՌԴ ԱԻՆ-ում։
Նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ պատրաստության վիճակի են բերվել ՌԴ ԱԻՆ «Ցենտրոսպաս» աերոմոբիլային ջոկատի և «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների կենտրոնի 100 մասնագետներ: Կուրենկովը նշել է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է օգնել բարեկամ պետությանը, որի քաղաքացիները հայտնվել են բարդ իրավիճակում։
«Մեր փրկարարներն ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու սարքավորանքը նման արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար և արդեն պատրաստ են մեկնել երկրաշարժի գոտի», - ասել Է ԱԻՆ պետը։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժից զոհվել է 284 մարդ։ Ռուսաստանցի փրկարարներն ունեն բնական աղետների և տեխնածին վթարների հետևանքով առաջացած ծանր ավերածությունների պայմաններում արտակարգ հումանիտար արձագանքման վիթխարի փորձ։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախկինում արդեն օգնել է Թուրքիային՝ վերացնելու այլ հզոր երկրաշարժերի հետևանքները, որոնցից ամենաավերիչը եղել Է 1999թ.-ին: