Հայտնի են «Գրեմմի» մրցանակակիրները. Բեյոնսեն ռեկորդ է սահմանել
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Գրեմմի» 65-րդ մրցանակաբաշխության ժամանակ դարձել է պատմության մեջ ամենաշատ «Գրեմմի» մրցանակների արժանացած արտիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS-ը, որը հեռարձակել է մրցանակաբաշխությունը:
Բեյոնսեի «Break My Soul» ձայնագրությունը դարձել է լավագույնը էլեկտրոնային և պարային անվանակարգում և կատարողին բերել իր հավաքածուի 32-րդ «Գրեմմին»։
Նախկինում ռեկորդը պատկանում էր հունգարացի և բրիտանացի դիրիժոր Գեորգ Սոլտին, ով ուներ 31 «Գրեմմի»:
65-րդ մրցանակաբաշխության շրջանակներում Բեյոնսեն առաջադրվել է 9 անվանակարգերում, այդ թվում՝ «Տարվա ալբոմ» և «Տարվա ձայնագրություն»։
«Տարվա ալբոմ» մրցանակին է արժանացել Հարրի Սթայլզն իր «Harry’s House» ալբոմով: Նա տվյալ անվանակարգում առաջադրված էր Աբբայի, Ադելի, Բեյոնսեի, Մերի Ջեյ Բլայջի, Քենդրիք Լամարի, Լիզզոյի և մի շարք այլ երգիչների հետ:
Լիզզոն հաղթել է «Տարվա ձայնագրություն» անվանակարգում իր ՝«About Damn Time» երգով: Նույն անվանակարգում առաջադրված էին նաև ԱԲԲԱ-ն, Ադելը, Բեյոնսեն, Մերի Ջեյ Բլայջը, Սթիվ Լեյսին, Հարրի Սթայլզը և այլոք:
Իսկ «Տարվա երգ» մրցանակը շնորհվել է Բոնի Ռայթին «Just Like That» երգի համար:
«Լավագույն նոր արտիստ» է ճանաչվել Սամարա Ջոյը: «Լավագույն փոփ սոլո կատարում» մրցանակին է արժանացել Ադելի «Easy on Me» երգը: