Հալեպում երկրաշարժի զոհերի թվում 2 հայ կա․ հայտնի են նրանց անունները
Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են: Նա նշեց, որ Ալպէր Թէնէքէճեանը Հալէպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան-Կիւլպէնկեան վարժարանի սան էր:
«Քաղաքում դեռևս պահապանվում է անհանգիստ վիճակը, քանի որ առավոտվա ժամը 4:17-ից մարդիկ դուրս են եկել իրենց տներից: Արդեն պաշտոնապես հաստատվել է 34-35 շենքի ամբողջական փլուզումը: Բոլոր համապատասխան գերատեսչությունները այս պահին աշխատում են արտակարգ ռեժիմով»,- ասաց Ժիրայր Ռեյիսյանը:
Նա ընդգծեց, որ Սիրիայի նախագահը նախարարների հետ արտակարգ նիստ է անցկացրել, որի արդյունքում այլ քաղաքներից բժշկական, մասնագիտական և փրկարարական խմբեր են ուղարկվել Հալեպ, Լաթաքիա և Համա քաղաքներ, որոնք երկրաշարժի հարվածից ամենաշատն են տուժել:
«Երկրաշարժի հետևանքով հայկական շինությունների որոշ մասը վնասվել են, ամբողջական փլուզումների մասին դեռևս տեղեկություններ չկան: Բայց պետք է նշեմ, որ գրեթե բոլոր տեղերում էլ որոշակի վնասներ կան»,- եզրափակեց պատգամավորը: