Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը հասնում է 15-20 սմ-ի, մարզի ճանապարհներին աշխատում է 27 միավոր տեխնիկա
Փետրվարի 6-ին ժամը 9․30-ի դրությամբ մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյան տեղումները շարունակվում են։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը կազմում է 15-20 սմ, Ախուրյանի, Անի և Արթիկի տարածաշրջաներում 5-10սմ։ Լանջիկ-Մաստարա հատվածում այս պահին բուք է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են և երթևեկելի։ Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով, Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում, այդ թվում Շիրակում սպասվում են ձյան ինտենսիվ տեղումներ։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով։