Սոլսբերիում վաճառվել է տունը, որտեղ թունավորվել են Սերգեյ Սկրիպալն ու դուստրը
Բրիտանական Ուիլթշիր շրջանի իշխանությունները տեղի բնակչին վաճառել են Սոլսբերիում գտնվող տունը, որը պատկանել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և որտեղ նա և նրա դուստրը թունավորվել են A234 նյարդապարալիտիկ նյութով («Նովիչոկ»), Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Mirror թերթը:
Տունը, որտեղ ապրում էր Սկրիպալը, գտնվում է Christie Miller Road 47 հասցեում: Հրապարակման համաձայն՝ 2019 թվականին՝ թունավորումից մեկ տարի անց, ԳՀՎ նախկին գնդապետը տունը 260 000 ֆունտով վաճառել է Ուիլթշիրի շրջանային խորհրդին։ Նույն թվականին բրիտանական զինվորական խումբը հանել է տան պատուհաններն ու տանիքը՝ այն ամբողջությամբ ախտահանելու համար։
Սկրիպալը և նրա դուստր Յուլիան թունավորվել են 2018 թվականի մարտի 4-ին, իսկ ավելի ուշ երկուսն էլ ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից։ Բրիտանական իշխանությունները պնդում են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում մշակված «Նովիչոկ» նյութով, և որ միջադեպին մասնակցել է ռուսական հետախուզությունը։ Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները։