Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել
Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը որոնողափրկարարական գործողություն է իրականացնում Էգեյան ծովի Լերոս կղզուց հարավ-արևելք ընկած ծովային շրջանում՝ միգրանտներ տեղափոխող նավակի նավաբեկությունից հետո. փրկվել է 41 մարդ, հայտնաբերվել են մահացած երեխա և կին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել Է Աթենքի նորությունների գործակալությունը՝ AMNA-ն:
Փրկվածներից վեց երեխա և երկու մեծահասակ տեղափոխվել են հիվանդանոց, ևս 33 մարդ տեղափոխվել է կղզու նույնականացման կենտրոն: Փրկվածների մեջ շատ են նորածիններն ու երեխաները։
Մինչ այժմ հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվել խորտակված նավակում։ Որոնումները վարում են առափնյա պահպանության երեք մոտորանավակ և «Սուպեր Պումա» ուղղաթիռը։
Տեղում գերակշռում է վատ եղանակը և ուժեղ քամին՝ մինչև 6 բալ Բոֆորտի սանդղակով։