«Եթե հարցը չլուծվի, մնում է խաչ քաշել էս երկրի վրա». 44-օրյա պատերազմում զոհվածի հորը չեն թույլատրում հուշաքար տեղադրել․ News.am
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Խաչատուր Միքայելյանի հարազատները չեն կարողանում Աջափնյակի թաղապետարանից ստանալ թույլտվություն, որպեսզի Գևորգ Չավուշ 14/3 շենքի բակում կարողանան հուշաքար տեղադրեն: NEWS.am-ի հետզ զրույցում զոհվածի հայրը` Առնակ Միքայելյանն ասաց, որ արդեն 8 ամիս է ինքը քաշքշուկի մեջ է, չեն թույլատրում, որ հուշաքարը տեղադրի:
«Դա հանրային տարածք է, որ մի սրիկայի պատճառով չեն թույլատրում, որ հուշաքարը տեղադրեմ: Այդ տարածքը մի բնակչի պարսպին հարող տարածք է, ըստ երեւույթին, իրենք ուզում են վաճառեն կամ այդ բնակիչն է ցանկանում գնի, որ մեզ չեն տրամադրում: Ուղղակի մեռնելու աստիճան ամոթ է էլի, որ այդ խաչքարը պադվալում դրած, ցելաֆոնով ծածկած է, բայց ութ ամիս խաբեցին, հարցը չլուծեցին»,-ասաց նա:
Զոհվածի հայրն ասաց, որիրենց առաջարկել են շենքի պատի տակ տեղադրել հուշաքարը, սակայն այնտեղ հարմար չէ, քանի որ շենքը կիսակառույց է եւ դեռ շինարարական աշխատանքներ պետք է ընթանան:
«Պատի տակ եթե դնելու լինեինք մենք չէինք էլ հարցնի իրենցից, բայց մենք այդ տարածքում ենք ուզում տեղադրենք, որը հանրային տարածք է: Նույնիսկ ես խնդրեցի, որ եթե վաճառելու մտադրություն ունեն, այդ 5 քառակուսի մետր տարածքը թող վաճառեն մեզ, մենք շենքի բնակիչներով կգնենք, բայց մեզ ասացին, որ դա վաճառքի չէ, բայց այդ բնակիչը մեզ փաստաթուղթ է ներկայացրել, որ ինքը դիմել է` այդ տարածքը սեփականաշնորհելու համար»,- պատմեց նա:
Զոհվածի հայրը պատմեց, որ ընդամենը 3 քառակուսի տարածք են օգտագործելու, հուշաքարը եւ ցայտաղբյուր են տեղադրելու. «Նույնիսկ մեզանից հուշաքարի համար էսքիզ են ուզել, տարանք ներկայացրեցինք, ահագին ժամանակ անցավ ասացին, որ սխալ է, ուղղումներ արեցինք նորից տարանք էլի մերժեցին, ասեցին, որ ուրիշ տեղում տեղադրենք, այդ վայրը չենք կարող տրամադրել»:
Զոհվածի հայրն ասաց, որ ինքն արդեն հուսահատված է ստեղծված իրավիճակից եւ չի կարող ասել, թե հետագայում ինչ քայլերի կդիմի. «Ես էլ առաջին պատերազմին եմ մասնակցել, երկրորդ կարգի զինհաշմանդամ եմ, եթե այս հարցը չլուծվի մնում է խաչ քաշել էս երկրի վրա, եթե երկու կոպեկի համար մեզ հետ այսպես ե վարվում, ես էլ չգիտեմ` էս կառավարությանը կամ էս երկրին ոնց վստահենք»:
Խաչատուր Միքայելյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում: Գերազանց առաջադիմությամբ և ոսկե մեդալով ավարտել է Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցը, 2016-2019 թթ. սովորել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում՝ «Ֆինանսներ» մասնագիտությամբ:
Փայլուն առաջադիմությամբ ավարտելով քոլեջը, ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միանգամից 2-րդ կուրսից: Համալսարանում 2-րդ կիսամյակի քննությունները հանձնելուց հետո, 2020 թվականի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ, պարտադիր զինվորական ծառայության անցնելով Հադրութի N զորամասում որպես գնդացրորդ:
Խաչատուր Առնակի Միքայելյանին հետմահու շնորհվել է Արիության մեդալ: